ՊԱՂՊԱՂԱԿԻՑ ԴՂՅԱԿԸ
Մի անգամ Բոլոնիայում, ամենակենտրոնական
հրապարակում պաղպաղակից դղյակ պատրաստեցին: Եւ երեխաները վազեցին այստեղ քաղաքի
բոլոր ծայրերից, որպեսզի գոնե մի փոքր համտեսեն պաղպաղակից:
Դղյակի տանիքը համեղ սերուցքից էր պատրաստված,
խողովակներից բարձրացող ծուխը՝ ձևավոր շաքարավազից, իսկ խողովակները՝ շաքարակալած
մրգերից: Մնացած ամեն բան պաղպաղակից էր՝ դռները պաղպաղակից էին, պատերը
պաղպաղակից, կահույքը պաղպաղակից:
Մի շատ փոքրիկ տղա վրա հասավ սեղանի ոտքին և
սկսեց խժռել այն: Հետո կերավ երկրորդ ոտքը, երրորդը, իսկ երբ նաև չորրորդ ոտքի
վերջը տվեց, ամբողջ սեղանը, բոլոր ափսեներով (իսկ ափսեներն ամենալավ շոկոլադե
պաղպաղակից էին) ընկան ուղիղ նրա վրա...
Իսկ քաղաքային ոստիկանը հանկարծ նկատեց, որ
դղյակում հալչում է մի լուսամուտ: Ազնվամորու պաղպաղակից պատուհանները վարդագույն
առվակների նման ներքեւ էին հոսում:
-
Վազե՛ք
այստեղ: Արա՛գ վազեք այստեղ: - Կանչեց ոստիկանը երեխաներին:
Բոլորը եկան ու սկսեցին լիզել վարդագույն
առվակները, որպեսզի այս հեքիաթային կառույցից մի կաթիլ անգամ չկորչի:
-
Բազկաթո՜ռը:
Ինձ տվե՛ք բազկաթոռը: - Հանկարծ խնդրեց մի ծեր կին, որ նույնպես հրապարակ էր եկել,
սակայն չէր կարողանում ճեղքել ամբոխը: - Բազկաթոռ տվեք խեղճ ծեր կնոջը, և եթե
հնարավոր է, բռնակներով...
Մի շատ բարեհոգի հրշեջ վազեց դղյակ և բերեց
կարամելի սերուցքից պատրաստված բազկաթոռ, և խեղճ կինը սարսափելի ուրախացավ և սկսեց
լիզել բազկաթոռի բռնակները:
Այո՜, սա շատ հիշարժան օր էր Բոլոնիայում:
Իսկական տոն: Բժիշկների հրամանով ոչ մեկի փորիկը չէր ցավում:
Եւ մինչև հիմա, երբ երեխաները խնդրում են
պաղպաղակի երկրորդ բաժինը գնել, ծնողները հոգոց են հանում.
-
Ա՜խ,
բարեկամս, քեզ երևի պաղպաղակի մի ամբողջ դղյակ է պետք, այնպիսին, ինչպիսին կար
Բոլոնիայում, այդ դեպքում նոր դու գուցե գոհ լինես:
ԵՐԿԻՐԸ, ՈՐՏԵՂ ՉԿԱ ՈՉ ՄԻ ՍՈՒՐ ԲԱՆ
Ծույլ Ջովանինոն շատ էր սիրում ճանապարհորդել:
Նա ճամփորդում, ճամփորդում էր, և մի օր էլ հայտնվեց զարմանահրաշ երկրում, որտեղ
տներն առանց անկյունների էին կառուցում. դրանք կլոր էին:
Ճանապարհի կողքով, որով քայլում էր Ջովանինոն,
վարդերի թփերի մարգագետին էր տարածվում, և իհարկե տղան ցանկացավ մի վարդ խրել իր
բաճկոնի գրպանը:
Նա զգուշանում էր, որ հանկարծ փշերը չծակծկեն
մատները, երբ հանկարծ նկատեց, որ դրանք բոլորվին սուր չեն և միայն մի թեթև խուտուտ
են տալիս մատները:
-
Հրաշքնե՜ր,
- զարմացավ Ջովանինոն:
Նույն պահին վարդի թփերի ետևից դուրս եկավ
քաղաքային ոստիկանն ու շատ բարեհամբույր ժպտալով հարցրեց.
-
Դուք
հավանաբար չգիտե՞ք, որ չի կարելի պոկել վարդերը:
-
Ես շատ եմ
ցավում... Ես չէի մտածել, որ...
-
Այդ
դեպքում Դուք պետք է վճարեք տուգանքի միայն կեսը, - ասաց ոստիկանը նույն
բարեհամբույր ժպիտով և սկսեց վճարման
կտրոնը լրացնել:
Ջովանինոն նկատեց, որ նրա մատիտը սրած չէր,
լրիվ բութ էր, և ոստիկանինն ասաց.
-
Ներեցեք,
իսկ կարելի՞ է տեսնել Ձեր սուրը:
-
Խնդրեմ, -
պատասխանեց նա և Ջովանինոյին մեկնեց իր սուրը: Պարզվեց այն նույնպես ոչ թե սուր
էր, այլ բութ:
-
Ախր սա
ի՞նչ երկիր է, - զարմացավ Ջովանինոն: - Ես որտե՞ղ եմ հայտնվել: Այստեղ ամեն բան
այնպես տարօրինակ է:
-
Սա մի
երկիր է, որտեղ չկա ոչ մի սուր բան, - բացատրեց ոստիկանը, և այնպես բարեհամբույր,
որ նրա բոլոր բառերը երևի պետք էր մեծատառերով գրել:
-
Իսկ
մեխե՞րը, - զարմացավ Ջովանինոն: - Չէ՞ որ դրանք պետք է սուր լինեն:
-
Մենք
վաղուց արդեն չենք օգտագործում մեխեր: Չէ՞ որ սոսինձ կա: Իսկ հիմա, խնդրեմ, բարի
եղեք, երկու անգամ ապտակեխ ինձ:
Զարմանքից Ջովանինոն լայն բաց արեց բերանը,
ասես պատրաստվում էր մի ամբողջ տորթ կուլ տալ:
-
Ի՞նչ եք
ասում, - վերջապես բացականչեց նա: - Ես բոլորովին չեմ ցանկանում բանտում հայտնվել
ոստիկանին վիրավորելու համար: Եթե գործը հասել է դրան, այդ ես պետք է երկու ապտակ
ստանամ, ոչ թե Դուք:
-
Բայց մեզ
մոտ այդպես է ընդունված, - բացատրեց ոստիկանը, - ամբողջական տուգանքը 4 ապտակն է,
իսկ կես տուգանքը՝ 2 ապտակը:
-
2 ապտակ
ոստիկանի՞ն:
-
Ոստիկանին:
-
Բայց սա
սարսափելի անարդարություն է: Այդպես չի՛ կարելի:
-
Իհարկե
անարդարացի է: Իհարկե այդպես չի կարելի, - պատասխանեց ոստիկանը: - Դա այնքան
անարդարացի և սարսափելի է, որ մարդիկ, որպեսզի չապտակեն անմեղ ոստիկաններին, չեն
անում այնպիսի բան, ոնչն արգելվում է օրենքով և ինչի համար պետք է տուգանք վճարել:
Ես այսպես, ես սպասում եմ, ապտակե՛ք ինձ 2 անգամ: Եվ հաջորդ անգամ, հարգելի
ճանապարհորդ, Դուք, իհարկե, ավելի զգույշ կլինեք, այնպես չէ՞:
-
Բայց ես
չէի ուզի անգամ կսմթել Ձեր այտը, էլ ուր մնաց հարվածելը:
-
Այդ
դեպքում ես ստիպված եմ Ձեզ ուղեկցել մինչև սահմանը և առաջարկել լքել մեր երկիրը:
Եւ Ջովանոնին, սարսափելի ամաչելով, ստիպված
եղավ լքել այն երկիրը, որտեղ չկա ոչ մի սուր բան: Սակայն նա մինչև հիմա դեռ
երազում է վերադառնալ այնտեղ, որպեսզի ապրի աշխարհի ամենաբարեհամբույր օրենքներով,
ամենադաստիարակված մարդկանց հետ, որտեղ չկա ոչ մի սուր բան:
ԻՆՉՊԵՍ ԷՐ ԶԲՈՍՆՈՒՄ ՄՏԱՑՐՎԱԾԸ
-
Մայրի՛կ,
կարելի՞ է ես գնամ զբոսնելու:
-
Գնա,
Ջովանի: Միայն թե զգույշ կլինես փողոցն անցնելիս:
-
Լավ,
մայրի՛կ: Հաջողություն:
-
Դու միշտ այնքան
ցրված ես...
-
Այո՛,
մայրի՛կ: Հաջողություն:
Եւ Ջովանին զվարթ դուրս վազեց տնից: Սկզբում նա
շատ ուշադիր էր: Անընդհատ կանգ էր առնում և շոշափում իրեն.
-
Ամեն ինչ
տեղո՞ւմ է: Ոչինչ չե՞մ կորցրել, - և ինքն իր վրա ծիծաղում էր:
Նա այնքան գոհ էր իր ուղադիր լինելուց, որ
անգամ երջանկությունից սկսեց ցատկոտել ճնճղուկի նման: Իսկ հետո սկսեց դիտել
տաղավարները, մեքենաները, ամպերը, և, բնականաբար, սկսվեցին
անհաջողությունները:
Ինչ-որ շատ նշանավոր պարոն թեթև կշտամբեց նրան.
-
Ա՜խ, որքան
ցրված ես դու, տղա: Տե՛ս, դու ախր կորցրել ես մատներդ:
-
Օ՜յ,
իսկապես: Ինչքա՜ն անուշադիր եմ ես:
Եւ Ջովանին սկսեց փնտրել իր մատները: Սակայն
միայն ինչ-որ դատարկ բանկա գտավ: դատա՞րկ: Հապա՛ տեսնենք: Իսկ ի՞նչ կար այս
բանկայի մեջ նախկինում: Չէ՞ որ այն միշտ չի դատարկ եղել...
Եւ Ջովանին արդեն մոռացավ, որ պետք է իր
մատները որոներ: Իսկ հետո նա մոռացավ նաև բանկայի մասին, որովհետև հանկարծ կաղ շուն
տեսավ: Նա նետվեց նրա հետևից, բայց չէր հասցրել վազել մինչև անկյունը, երբ կորցրեց
իր ձեռքը: Կորցրեց և անգամ չնկատեց դա: Վազում է այսպես, ասես բան չի եղել:
Մի բարի կին գոչեց նրա հետևից.
-
Ջովանի՛,
Ջովանի՛, դու կորցրել ես ձեռքդ:
Բայց դե ինչ: Նա անգամ չլսեց:
-
Լավ, ոչինչ,
- որոշեց բարի կինը: - Ձեռքը կտանեմ նրա մայրիկին: - Եւ նա գնաց Ջովանիի տուն:
-
Տիկին, ահա
Ձեր տղայի ձեռքը:
-
Ա՜յ քեզ
թափթփված: Պարզապես չգիտեմ ինչ անել նրա հետ: Այնքա՜ն թափթփված է: Այնքա՜ն
անուշադիր, որ էլ տեղ չկա:
-
Այո,
իհարկե, ուղղակի բոլոր երեխաներն էլ այդպես են:
Քիչ անց մեկ ուրիշ կին եկավ.
-
Տիկին, ես
ինչ-որ մեկի ոտքն եմ գտել: Ձեր Ջովանիինը չի՞ արդյոք:
-
Դե իհարկե,
սա նրա ոտքն է: ճանաչեցի ծակ ոտնամանից: Ա՜խ, որքան մտացրիվ է իմ որդին: Պարզապես
չգիտեմ ինչ անել նրա հետ:
-
Այո,
իհարկե, երեխաների հետ միշտ այդպես է:
Էլի մի քիչ ժամանակ անցավ, և մեկը մյուսի
հետևից Ջովանիի տուն եկան տարբեր մարդիկ՝ մի ծեր կին, նպարավաճառի սուրհանդակը,
վագոնավարը և անգամ ծեր ուսուցչուհին: Եւ բոլորը բերում էին Ջովանիի ինչ-որ
մասնիկը՝ մեկը ոտքը, մյուսը ականջը, երրորդը քիթը:
-
Ուրիշ որտե՞ղ
կարող եք հանդիպել այնքան մտացրիվ տղայի, ինչպիսին իմ որդին էր, - բացականչեց
մայրիկը:
-
Եւ ինչո՞ւ եք զարմանում, տիկի՛ն: Բոլոր
երեխաներն էլ այդպիսին են:
Վերջապես տուն եկավ նաև Ջովանին՝ մի ոտքի վրա
թռչկոտելով, առանց ձեռքերի, առանց ականջների, սակայն ինչպես միշտ ուրախ, կենսախինդ
և կայտառ, ինչպես ճնճղուկը:
Եւ մայրիկն ուղղակի թափահարեց գլուխը:
Այնուհետև որդուն կարգի բերեց և համբուրեց:
-
Ամեն ինչ
տեղո՞ւմ է, մայրի՛կ: Ոչինչ չե՞մ կորցրել: Տեսնո՞ւմ ես, ինչքան ուշադիր եմ այսօր:
-
Այո՛,
այո՛: Այնքա՜ն ուշադիր, որ ավելին պատկերացնել հնարավոր էլ չէ:
Комментариев нет:
Отправить комментарий