вторник, 5 ноября 2013 г.

Տնտեսագիտություն փոքրերի համար

Միշան որպես միջնորդ
 (Այն մասին, թե ով է միջնորդը և ինչով է նա զբաղվում)

Համա թե Միշայի բախտը բերեց այդ ամառ: Չնայած անտառի բոլոր բնակիչների բախտն էլ բերեց: Անտառում աճել էին ամեն տեսակ հայտնի ու անհայտ պտուղներ. և՛ սնկեր, և՛ հատապտուղներ, և՛ դեղաբույսեր: Մեղուներն էլ շատ մեղր ունեին:
Միշայի խանութը լցվել էր տարբեր ապրանքներով:
Միայն թե, ա՜յ քեզ դժբախտություն, ապրանքը շատ է, իսկ գնորդներ չկան: Ո՞ւմ մտքով կանցնի Միշայից մորի գնել, եթե մարգագետիններում ինչքան սիրտդ տա կարող ես հավաքել: Միշան մտորումների մեջ ընկավ՝ այսպես ախր ապրանքն էլ կփչանա, խանութն էլ ԿՍՆԱՆԿԱՆԱ: Եվ Միշան որոշեց մեկնել քաղաք, գուցե այնտեղ կարողանար գնորդ գտնել:
Ահա նա եկավ քաղաք, կանգ առավ իր ընկեր Բարբոսի կրպակի մոտ, սկսեց հարցնել՝ ինչպես են քաղաքում վաճառում սունկն ու հատապտուղները:
Բարբոսն ասաց.
-Գնա շուկա, այնտեղ փորձիր վաճառել:
Սակայն Միշային այս պատասխանը դուր չեկավ. շուկայում օրն ինչքա՞ն կվաճառես: 5-7 կիլոգրամ: Իսկ ինքն ամեն ինչից գրեթե 100 կիլոգրամ ունի: Շուկայում էլ ամբողջ օրը կանգնել Միշան չի կարող: Տանը, անտառային խանութում շատ գործ կա անելու: Այդ ժամանակ Բարբոսը Միշային խորհուրդ տվեց բորսա գնալ: Միշան անգամ չգիտեր, թե դա ինչ է: Եվ հավատարիմ ընկերը նրան բացատրեց.
- ԲՈՐՍԱՆ այնպիսի տեղ է, որտեղ շատ ապրանք են վաճառում, այսինքն վաճառքը մեծածախ է: Այնտեղ կարելի է միանգամից 100 կգ մորի վաճառել, կամ 100 տակառ մեղր: Իսկ այդպիսի բորսայում վաճառողն էլ հատուկ անունով է կոչվում՝ ՄԻՋՆՈՐԴ:
Միշան ճանապարհվեց բորսա, որի շենքը մեծ հրապարակում էր: Դեռ դռներին մոտենալիս Միշան ուժեղ աղմուկ լսեց: Իսկ երբ ներս մտավ, քիչ մնաց անմիջապես դուրս փախչեր, թեկուզ բոլորովին էլ վախկոտ արջ չէր: Բորսայում ինչ-որ անհասկանալի բան էր կատարվում. ճչում էին, գոռում, սուլում, մուրճերով հարվածում, հեռախոսներով զանգահարում: Վեր էին բարձրացնում թաթերը, ճանկերը, ձեռքերը, թևերը՝ դրանցով ինչ-որ խորհրդավոր նշաններ անելով: Փայլատակում էին թղթերը, կտրոնները, ապրանքագիրները, կնիքները: Առաստաղից կախված ցուցատախտակին ինչ-որ թվեր էին լուսավորվում:
Սկզբում Միշան ոչինչ չհասկացավ, բայց հետո ուշադիր զննեց ու գլուխ հանեց: Նա իմացավ, մոտավորապես որքան արժե իր ապրանքը բորսայում, գին որոշեց ևև հատապտուղների, և՛ սնկերի, և՛ մեղրի համար: Նրա նշանակած գները բարձր չէին, այդ պատճառով էլ արագ գնորդ գտնվեց՝ կարևոր տեսքով շեկ Կատուն:
Նույն օրը Միշան նստեց Կատվի բեռնատարն ու միասին եկան անտառ ապրանքի հետևից: Ճանապարհին Միշան հետաքրքրվեց, մի՞թե Կատուն ինքն է ուտելու ամեն-ամենը, ինչ գնել է: Միշայի հարցը զվարճացրեց Կատվին: Պարզվեց, որ նա խանութ ունի քաղաքում և ապրանքը խանութի համար է:
Այդ ժամանակվանից Միշան գիտի, որ եթե հարկավոր է ապրանքի մեջ ծավալ գնել կամ վաճառել, պետք է անմիջապես բորսա գնալ:
ԻՄԱՍՏՈՒՆ ԲՈՒԻ ԽՆԴՐԱԳԻՐՔԸ
1.      Ի՞նչն է հարկավոր գնել բորսայից, իսկ ի՞նչը՝ խանութից.
5 կգ  շաքարավազ
1000 հատ Բարբի տիկնիկ
1000 կգ կոնֆետ
1 կոմպլեկտ կահույք

2.       Որտե՞ղ են ավելի բարձր գներ նույն ապրանքի համար, խանութո՞ւմ, թե՞ բորսայում: 

Комментариев нет:

Отправить комментарий